Նորություններ
ՀՄՄ ԵՎ ՀՕՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԶԻՆՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ-Ի ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ (08.12.2023)
Այս տարի Հայաստանի օպերատորների միությունը գործունեության տարեվերջյան ամփոփումն իրականացրեց Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համատեղ բարեգործական նախաձեռնությամբ։    
 
 Դեկտեմբերի 8-ին միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի գլխավորությամբ այց կատարվեց «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ, որի համակարգչային լաբորատորիային Հայաստանի օպերատորների միության և Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից տրամադրվեց ժամանակակից համակարգչային տեխնիկա և աքսեսուարներ։   
 
 Կողմերի համատեղ ջանքերով ավելի վաղ՝ սեպտեմբերին, իրականացվել էր կենտրոնի համակարգչային լաբորատորիայի կարիքների ուսումնասիրություն, որի հիման վրա դեկտեմբերի 3-ի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ կենտրոնի համակարգչային լաբորատորիան վերազինվեց անհրաժեշտ տեխնիկայով։
«Անչափ կարևորում ենք հատուկ կարիքներ ունեցող անձանց առավելագույն ինտեգրումը հասարակությանը և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելը։ Չնայած այն հանգամանքին, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) շոշափում են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, դրանց լայնածավալ առավելությունները կարող են հիմնականում անհասանելի մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մեզ համար կարևոր է, որ անկախ տարիքից սեռից և կարողությունից՝ բոլորը ունենան հասանելիություն որակյալ ինտերնետի և զինված լինեն թվային տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններով: Կույրերի միավորումը այն կենտրոններից է, որը նպաստում է շահառու անձանց` հասարակությանը լիարժեք ինտեգրվելու խնդիրների լուծմանը՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական զարգացման համար և տալով աշխատանքային հնարավորություններ»,- նշեց Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։            
 
 Հեռահաղորդակցության միջազգային միությունը տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում սահմանափակ հնարավորություններ ունեցող անհատների թվային գրագիտության բարձրացման և ՏՀՏ գիտելիքներով ապահովման խնդիրը։ Այդ մասին են վկայում միության կողմից անցկացվող դասընթացները՝ տեքստային խմբագրիչների հետ աշխատանքի, վեբ-ծրագավորման, ամպային տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և այլ կարևոր թեմաների վերաբերյալ։

Կենտրոնին նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից տրամադրվեցին օդորակիչներ՝ համակարգչային չջեռուցվող լսարանները տաքացնելու համար։